ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավարն ընդունել է Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը

11:10, 6 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակից, հանդիպման ընթացքում Գասպար Կարապետյանը վերահաստատել է Հայ դատի գրասենյակի պատրաստակամությունը Արցախի Հանրապետությանն օժանդակելու, Արցախի ժողովրդի իրավունքները եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ պաշտպանելու հարցում:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր հերթին բարձր է գնահատել ՀՅԴ-ի, կուսակցության միությունների, Հայ դատի գրասենյակների դերակատարությունը ազատ և անկախ Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու պայքարում:  

Արցախի Հանրապետության պատվիրակությունը  մասնակցելու է Հայ դատի գրասենյակի կազմակերպած գիտաժողովին «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումներ» խորագրով, որը կայանալու է Եվրոպական խորհրդարանում: Արցախի Հանրապետության պատվիրակության կազմում է նաև Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am