Գրող Ռեգինա Ամատունին «Հայոց աշխարհի տերերը» գիրքը նվիրեց Վազգեն Սարգսյանի հոբելյանին

17:56, 4 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին ձոնված «Հայոց աշխարհի տերերը» գրքում  երիտասարդ  գրող Ռեգինա Ամատունին զետեղել է պատմվածքներ, որոնք ներկայացնում են մեր պատմության դրվագները` սկսած արցախյան ազատամարտից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 4-ին Հայաստանի ազգային գրադարանում:

[gallery id= 62120]

«Գրքում ընդգրկված բոլոր ստեղծագործություններն իրական հենք ունեն: «Ճանապարհ դեպի անմահություն», «Ի զեն», «Մերօրյա մահապարտը» և այլ պատմվածքներում տեղի ունեցող գործողությունները պտտվում են Վազգեն Սարգսյանի անձի շուրջ: Չկա մի պատմվածք, որում չի խոսվում սպարապետի  քաջագործությունների մասին»,-նշեց Ամատունին: 

Նա ասաց, որ ազգակցական կապ չունի Վազգեն Սարգսյանի հետ և նրան ճանաչելու բախտ չի ունեցել, պարզապես փորձում է նրա գործունեությունը շարունակել որպես արձակագիր: «Ուզում եմ` երբեք չմոռացվեն սպարապետի  քաջագործությունները, այն, թե ինչպես նրա շնորհիվ ստեղծվեց Հայոց բանակը»,-անկեղծացավ գրողն ու ասաց, որ Վազգեն Սարգսյանի յուրաքանչյուր ստեղծագործություն դաս է: 

Գրքի խմբագիր Լուսինե Մարգարյանի խոսքով` «Հայոց աշխարհի տերերը» գիրքը ներծծված է հայրենասիրությամբ,  հայրենիքի նկատմամբ պարտքի բարձր գիտակցմամբ: «Հեղինակը բացառիկ նախանձախնդիր վերաբերմունք ունի հայրենիքի նկատմամբ: Ամատունու հերոսներն իրական մարդիկ են, որոնք ապրել են և ապրում են մեր կողքին, մեզ հետ` սպարապետ Վազգեն Սարգսյանը, «Արծիվ 28» կամավորական գումարտակի տղաները, և այլք»,-ասաց խմբագիրը: 

Լեզվաբան Լավրենտի Միրզոյանն ընդգծեց, որ  նման գրքերի լույս ընծայումը կարևոր է և պետք է շնորհավորել հեղինակին: «Այս պահին գուցե մենք չենք կարողանում ընկալել այս գրքի արժեքը, բայց տարիներ, տասնամյակներ հետո  այս և նմանատիպ այլ գրքերը մեզ համար կարող են սկզբնաղբյուրային գրականություն դառնալ: Ռեգինան շատ երիտասարդ է, բայց չորս գրքի հեղինակ է, դա շատ ողջունելի է»,-շեշտեց նա: 

Շնորհանդեսին երաժշտական համարներով հանդես եկան  Ալլա Լևոնյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Դավիթ Ամալյանը և այլք:

Ներկա էին Հայաստանի ազգային ժողովի պատգամավորներ, պետական այրեր:

 


© 2009 ARMENPRESS.am