Պատգամավորը բանկերին ու վարկային կազմակերպություններին կոչ է անում ցածր տոկոսադրույքով ուսանողական վարկեր տրամադրել

17:35, 4 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերով հանձնաժողովը բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում կանցկացնի՝ առաջարկելով ցածր տոկոսադրույքներով ուսանողական վարկեր տրամադրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկին ի պատասխան այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Երբ նախարարությունում էի աշխատում, ուղարկված ամենաշատ դիմումները վերաբերում էին ուսման վարձին: Դա նշանակում է, որ երկրում բավականին լուրջ խնդիր կա սոցիալական բեռի իմաստով: Կարծում եմ, որ հետագայում պետք է մտածել բանկային համակարգի, ֆինանսական կազմակերպությունների կողմից ցածր տոկոսադրույքներով վարկավորում իրականացնելու համար»,-ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով՝ դա կմեղմի երկրում տիրող սոցիալական իրավիճակը:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ հանձնաժողովը կնախաձեռնի համապատասխան հանդիպում բանկային սեկտորի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու, առնվազն գոնե խնդիրը բարձրացնելու նպատակով:


© 2009 ARMENPRESS.am