Աշոտյանը հիշեցնում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածությունների կատարման կարևորության մասին

16:01, 4 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հիշեցնում է, որ վերջին անգամ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածությունների կատարման կարևորության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բարձրաձայնել են հանրապետական կուսակցության իշխանության օրոք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Աշոտյանը առաջարկեց գործող իշխանություններին այս հանգամանքին առավել մեծ ուշադրություն դարձնել:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական հայտարարություններում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածությունների կատարման կարևորության վերաբերյալ վերջին անգամ խոսվել է 2018թ. փետրվարին: Գործող իշխանության օրոք համանախագահների ոչ մի պաշտոնական հայտարարություն այլևս չի անդրադառնում այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը: Այդ պայմանավորվածություններն Ադրբեջանի դիվանագիտական պարտությունն էին 2016թ. ապրիլյան պատերազմից հետո: Անգամ հրապարակային դաշտում այդ պարտավորությունների մասին չեն խոսում: Այնուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ Բրյուսելում, երբ մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված քննարկմանը, իր ելույթի վերջում հպանցիկ անդրադարձել է այս պարտավորությունների կատարման անհրաժեշտությանը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թ. ծրագրում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի և Արցախն այդ գործընթացում լիարժեք կողմ դարձնելու վերաբերյալ կետերին` նշելով, որ այստեղ որևէ առաջընթաց չի արձանագրվել` չնայած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ու երկրների ղեկավարների մակարդակով տեղի ունեցած վերջին հանդիպումներին:

Փետրվարի 28-ին ՀՀ կառավարությունը հաստատեց 2018թհունիսի 1-ին հաստատված իր ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը:

2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորվեց նոր կառավարություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այն աշխատեց մինչև 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորումը:

2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել:

Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:

2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:


© 2009 ARMENPRESS.am