«Իմ քայլը» կարևորում է մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով վիրավորվածներին և զոհերի իրավահաջորդներին արդարացի փոխհատուցում տրամադրելը  

12:46, 1 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը մարտիմեկյան իրադարձությունների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը պատմական հրամայական է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է խմբակցության՝ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ տարածած հայտարարությունում:

«Իմ քայլը» խմբակցությունն ընդգծել է Հայաստանում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի անարգել իրացման երաշխավորման անհրաժեշտությունը, արժևորել է հանրային համերաշխության արմատավորումը, խստորեն դատապարտել է 2008 թ. նախագահական ընտրությունների նկատմամբ անվստահությամբ պայմանավորված քաղաքացիների խաղաղ ընդվզումը բռնաճնշելուն ուղղված իշխանությունների գործողությունները, որի ընթացքում պաշտոնական տվյալներով զոհվել են տասը, վիրավորվել հարյուրավոր քաղաքացիներ: Անընդունելի համարելով մարտի 1-ին հաջորդած համատարած քաղաքական բռնաճնշումների` կամայական ձերբակալությունների, շինծու մեղադրանքներով կայացված դատավճիռների, ուժային կառույցների կողմից քաղաքացիների ահաբեկման, աշխատանքից անհիմն հեռացման դեպքերի միակողմանի քարոզչության, խոսքի, մամուլի և հավաքների ազատության սահմանափակումների, իշխանությունների գործելաոճը՝ խմբակցությունը հայտարարել է, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պատշաճ պահպանմամբ մարտիմեկյան իրադարձությունների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը պատմական հրամայական է: Այն ուղերձ կհանդիսանա Հայաստանի բոլոր իշխանություններին երկրի նորագույն պատմության ամենասև էջերից մեկի կրկնությունը բացառելու, արդարության և համերաշխության վերականգնման, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման համար։

Խմբակցությունը նաև կարևորել է մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով վիրավորվածներին և զոհերի իրավահաջորդներին արդարացի փոխհատուցում տրամադրելը: Իսկ կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության առաջնային պարտականությունն են համարել:

«Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիներ Սամվել Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին, Զաքար Հովհաննիսյանին, Համլետ Թադևոսյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Տիգրան Աբգարյանին և Գրիգոր Գևորգյանին մահ պատճառելը որևէ հիմնավորմամբ չի կարող արդարացվել կամ մնալ անպատիժ»,-նշված է հայտարարությունում:
«Իմ քայլը» հանձն է առել ջանքեր գործադրել թե՛ օրենսդրական մակարդակում, թե՛ առհասարակ քաղաքական մշակույթում այնպիսի փոփոխություններ իրականացնել, որոնք երաշխիքներ կստեղծեն հետայսու բռնությունը և քաղաքական ճնշումները ներհասարակական գործընթացներում բացառելու, քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքները և ազատությունները անկաշկանդ իրացնելու ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am