Եթե չլիներ այդ պաշտպանությունը, ավելի շատ զոհեր կտայինք. 1988թ. Գանձակի ինքնապաշտպանությունն ականատեսի աչքերով

15:49, 28 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գանձակի (Կիրովաբադ) ինքնապաշտպանությունը կազմակերպիչ խորհրդի անդամ,  հայ փախստականների «Ահազանգ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գրիգորի (Գրիշա) Օգանեզովը նշում է՝ եթե մարդն ինքն իրեն չի պաշտպանում, ուրիշ ոչ ոք չի պաշտպանելու նրան։ «Պետք է հույսը միշտ ինքներս մեզ վրա դնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասում է նա:

Խորհրդային շրջանում Գանձակը գետով բաժանված էր 2 մասի՝ ադրբեջանական և հայկական թաղամասերի։ Օգանեզովի վկայությամբ՝ խորհրդային կառավարությունը նոր շենքեր կառուցում էր միայն ադրբեջանական հատվածում, այդ պատճառով այնտեղ ևս սկսում են որոշ քանակությամբ հայեր հաստատվել։ Շենքերը հիմնականում հինգ հարկանի էին և յուրաքանչյուր շենքում բնակվում էր մոտ 2-3 հայ ընտանիք։ 1988թ. փետրվարից քաղաքում լարվածությունը գնալով աճում էր, ավելին՝ Սումգայիթի ջարդերի նույն օրը մի քանի խումբ հայերի դեմ էին դուրս եկել նաև Գանձակում, սակայն գործողություններ չեղան, քանի որ հայկական թաղամասը համախմբված էր, իսկ նրանք պատրաստ չէին։ Մեծ թափ էին հավաքել նաև տնտեսական ճնշումները. ադրբեջանցիները հայերի բնակարանները տարբերակում էին չվառվող լույսերով։

Բաքվի ու Սումգայիթի ջարդերի հիշողությունները դեռ թարմ էին և լարվածությունը մի քանի անգամ ավելի էր։ Օգանեզովը հիշում է, որ այդ օրը նույն խումբը ոստիկանների ուղեկցությամբ շարժվում է քաղաքի տարբեր կողմերով, ջարդում հայկական թաղամասի տների պատուհանները, այդ թվում՝ հայկական դպրոցներից մեկի առջևում գտնվող Խ. Աբովյանի կիսանդրին։ Այնուհետև ամբոխը նաև Գր. Լուսավորիչ եկեղեցու վանահայր Տեր Սահակի տուն էր մտել, որը մեծ դժվարությամբ փակել է եկեղեցու դուռը, որպեսզի այն ևս չվնասեն։ Փետրվարից մինչև նոյեմբեր ադրբեջանցիները պատրաստվել են և համատիրության տվյալներով իմացել Գանձակի թուրքական հատվածում բնակվող հայերի հասցեները:

«Միտինգներ Լենինի հրապարակում իրենք ամեն օր անում էին, նույնիսկ գիշերը ժամը 10-ին, 11-ին ձայներ [կոչեր] էին լսվում՝ «մա՛հ հայերին»,  «դու՛րս Կիրովաբադից»։ Ինչի՞ համար էին հանրահավաքները. կամաց-կամաց տաքացնում էին ժողովրդին, որ ոտքի կանգնեն։ Այն 100-150 մարդը դառնում էր 1000-2000 մարդ, շատանում էին։ Մենք մեր միտինգների ժամանակ ռուսերեն էինք խոսում, որովհետև մեր կողքին շատ ռուս սպաներ կային և ուզում էինք լսեին, որ մենք Սովետական միության դեմ բան չենք ասում։ Ժողովրդի մեջ վախ կար։ Տեր Սահակը միշտ ասում էր, որ բոլորին աքսորելու են Սիբիր»,- հիշում է Օգանեզովը։

Նոյեմբերի 22-ին հայերը սկսում են պաշտպանություն կազմակերպելու համար կազմակերպչական աշխատանքներ տանել. քաղաքի ադրբեջանական թաղամասից հայերը հավաքվում են եկեղեցու այգում: Այդ օրն արդեն 15 կամավոր է անդամագրվում, գումար են հավաքում Բաքվից եկած փախստականներին ևս օգնություն ցուցաբերելու համար և ցույց են անցկացնում։ Նրանց այցելում է Գանձակի պարետ, գեներալ-լեյտենանտ Պոլյախը, որն ասում է, որ լավ բան չսպասեն՝ պարեկային ժամ է հայտարարվել։ Այդ օրը Պոլյախը նրանց 1 ավտոբուս և 50 անցագիր է տալիս, որի շնորհիվ քաղաքի ադրբեջանական հատվածից կարողանում են հանել 70-80 մարդու, իսկ հաջորդ օրն արդեն 2 ավտոբուս ու 1 ՀՄՄ(БТР) են ստանում։


Պաշտպանության կենտրոն դառնում է եկեղեցին. ստեղծում են հիվանդանոց, ճաշարան, բոլորն օգնում էին ինչով կարողանում էին, բոլոր փողոցներում արգելափակոցներ էին տեղադրել՝ ադրբեջանցիների մուտքը կանխարգելելու համար։

«Գազը կտրում էին, խմելու ջուրն էլ այն ժամանակ շատ քիչ էր, հայկական թաղամաս մեքենաներով էին բերում, ու այդ ընթացքում խմելու ջուր չէին բերում, հաց չէին բերում։ 5000 ադրեբջանահայերը [Գանձակի ադրբեջանական թաղամասից], որ փախստական էին, եկել էին այստեղ, բոլորին պետք էր կերակրել. Դժվարություններ կային։ Գյուղի ժողովուրդը Գետաշենից, Բանանցից տարբեր տեղերից սկսեցին մեքենաներով օգնություն բերել՝ ժողովրդին կերակրելու համար։ Հայկական թաղամասը դարձել էր մի ընտանիք»։

Նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ դատախազությունից 70 քննիչ է այցելում հայերին, գնում են կողոպտված բնակարաններ, խոսում բռնաբարված կանանց ու աղջիկների հետ։ Օգանեզովը նշում է, որ մինչ այդ իրենք 1120 դիմում էին ստացել թալանված և ավերված տների սեփականատերերից, ինչպես նաև դիմումներ՝ 5 հոգու բռնաբարելու, 10 հոգու սպանելու մասին։

«Մի հոգի վիրավորվել էր. ադրբեջանական հատվածում դանակով հարվածել էին։ Շենքի բնակիչներից մեկը Շտապ օգնություն էր կանչել. տանելուց վիզը կտրել էին», - ասում է Օգանեզովը:

Դեկտեմբերի 3-4-ին ծրագրել էին 2400 մարդու դուրս հանել Ադրբեջանից, այդ ժամանակ հայերին 7-8 բժիշկներ էին այցելել։ Դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը ճակատագրական դարձավ ոչ միայն հայաստանաբնակների, այլև Հայաստանի օգնությունը փափագող ադրբեջանահայության կյանքում. երկրաշարժից հետո գանձակահայությունը սկսեց գաղթել՝ իրենց պապերից ժառանգած հողերը, ունեցվածքը և տները թողնելով այնտեղ հաստատված ադրբեջանական բնակչությանը: Գանձակում բնակվող շուրջ 45 հազար հայեր հաստատվեցին Հայաստանում և տարբեր երկրներում՝ Ադրբեջանում հակահայկական ատելության քարոզի արդյունքում դառնալով գաղթականներ:

Տարիներ անց գանձակահայության փրկության ուղին ամենօրյա պայքարի շնորհիվ հաջողությամբ կերտած մարդկանցից մեկը՝ Գ. Օգանեզովը ասում է. «Այդ ժամանակ միայն պաշտպանության մասին էինք մտածում։ Հետո զգացինք, որ եթե չլիներ այդ պաշտպանությունը, մենք ավելի շատ զոհեր կտայինք»։

Լուսինե Պողոսյան

 


© 2009 ARMENPRESS.am