Նիկոլ Փաշինյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար չի տեսնում լավատեսության հիմք

12:52, 28 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումը որևէ հնարավորություն չի թողնում հայ-թուրքական հարաբերությունների մասին լրջորեն խոսելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին:

«Թուրքիան շարունակաբար մեր երկկողմ հարաբերությունները կապում է Ղարաբաղի հարցի, այսինքն՝ Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերությունների հետ: Հետևաբար, քանի դեռ այսպիսին է իրավիճակը, ցավոք, մենք լավատեսության հիմք  չենք կարող ունենալ: Չնայած մենք ասել ենք և ասում ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների այդ հարաբերությունները քննարկել, բայց սա նշանակում է, որ Թուրքիան նույնպես պետք է չունենա նախապայմաններ, իսկ այսօր նա ունի նախապայման, որը կապված է Ղարաբաղի հարցի հետ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Այդ համատեքստում վարչապետը նշեց, որ ՀՀ իշխանության համար չափազանց կարևոր է ցեղասպանության  միջազգային ճանաչման խնդիրը: «Բայց հիմա հարց կարող է առաջանալ՝ դուք ասում եք պատրաստ եք առանց նախապայմանների հարաբերությունների, Թուրքիային մեղադրում եք նախապայման ունենալու մեջ, հիշատակում եք Ցեղասպանության մասին, արդյոք դա նախապայման չէ՞: Մենք շատ հստակ ասում ենք, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ոչ թե Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հարց է, այլ ցեղասպանությունների դեմ պայքարի և գլոբալ անվտանգության օրակարգի հարց է,  և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը մենք համարում ենք մեր ներդրումը գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների դեմ գլոբալ պայքարի հարցում: Մենք շարունակելու ենք հետապնդել Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 


© 2009 ARMENPRESS.am