ԱԺ տարածքային կառավարման հարցերով հանձնաժողովի քննարկումների մեծ մասը նվիրված կլինի համայնքների խոշորացման թեմային

12:09, 26 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը կարևորում է, որ հետագայում համայնքների միավորման իրենց առաջարկած մոդելները ընդունելի լինեն հանրությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարապետյանը նման տեսակետ հայտնեց փետրվարի 26-ին հանձնաժողովի քննարկմանը:

«Մենք հանձնաժողովում մի քանի անգամ քննարկել ենք տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վերաբերյալ հնարավոր խնդիրները՝ սկսած համայնքների միավորման գործընթացից: Այդ հարցի քննարկումը առաջիկայում ևս կսկսենք: Ամենաշատ քննարկումները կունենանք համայնքների միավորման թեմայով: Մինչ այս տեղի ունեցած փոփոխություններն ունեն թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր»,-ասաց Կարապետյանը:

Նա նշեց՝ պետք է ուսումնասիրենք, որ հանրությանն իրենց առաջարկելիք մոդելները լինեն ընդունելի մարդկանց համար և բացեր չպարունակեն:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ խնդիրներ կան նաև համայնքապետերի, առհասարակ ընտրովի մարմինների հետկանչի հետ կապված: «Մենք մտածում ենք այս ուղղությամբ հնարավոր օրենսդրական նախաձեռնությունների մասին: Պետք է ստեղծվեն հետկանչի մեխանիզմներ, որ հանրությունն իրավունք ունենա ցանկացած մարդու՝ պատգամավորի, համայնքի ղեկավարի, ավագանու անդամի նկատմամբ նաև անվստահությունը հայտնի»-նշեց Կարապետյանը:


© 2009 ARMENPRESS.am