Իրաքի էներգետիկայի նախարարը Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել

13:59, 25 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը փետրվարի 24-ին  հանդիպել է Իրաքի էներգետիկայի նախարար, դոկտոր Լուեյ ալ-Խատիբին (Dr. Loay Al-Khatteeb)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հայկական կողմը մատնանշել է Հայաստանից դեպի Իրաք էլեկտրականության առաքման, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ բնագավառում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության վերաբերյալ։ Նախարար ալ-Խատիբը, ներկայացնելով Իրաքի էներգտիկ ոլորտում առկա խնդիրները և ձեռնարկվող միջոցառումները, ՀՀ դեսպանին հայտնել է իրաքյան կողմի պատրաստակամությունը` խորացնելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը։


© 2009 ARMENPRESS.am