Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրենին

19:03, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՔԿ նախագահը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել 2019 թվականի փետրվարի 4-8-ը Վաշինգտոնում անցկացված «Նոր աշխարհակարգի մարտահրավերները և հնարավորությունները» աշխատաժողովին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար:

ՔԿ նախագահն ընդգծել է, որ նման միջոցառումները լավ հարթակ են փորձի փոխանակման համար:

Հայկ Գրիգորյանը հյուրերին ներկայացրել է աշխատաժողովի թեմաների վերաբերյալ իր նկատառումները և առաջարկությունները՝ հետագայում նման աշխատաժողովներն ավելի արդյունավետ և առարկայական դարձնելու վերաբերյալ:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ԱՄՆ դեսպանատան հյուրերին ևս մեկ անգամ հայտնել է իր պատրաստակամությունը՝ ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը զարգացնելու գործում:

ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ դեսպանատան կողմից Քննչական կոմիտեի հետ հարաբերությունները պետք է շարունակել կառուցել նախկինում ունեցած ձեռքբերումների վրա:


© 2009 ARMENPRESS.am