Ucom-ը կաջակցի Կրթության և գիտության նախարարությանը դպրոցներում անցանկալի կայքերն անհասանելի դարձնելու հարցում

16:51, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Ucom ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կողմերը համագործակցելու են հանրակրթական դպրոցների համակարգիչների համար անցանկալի կայքերի անհասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում:

[gallery id= 62069]

ՀՀ ԿԳՆ թույլտվությամբ Ucom ընկերությունը համակարգչային անվտանգության ոլորտում բարձր վարկանիշ ունեցող «Սայբերսեկ» ՍՊԸ-ի որակավորված մասնագետների աջակցությամբ և ընկերության «DNS» սերվերի միջոցով կապահովի անցանկալի կայքերի հնարավորինս անհասանելիությունը դպրոցներում:

«Մեր ընկերությունը ՀՀ ԿԳՆ-ի հետ երկարամյա և արդյունավետ համագործակցության փորձ ունի, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում: Այս հուշագրով մենք կապահովենք անցանկալի կայքերի հնարավորինս անհասանելիությունը ՀՀ այն դպրոցներում, որտեղ հասանելի է Ucom-ի ինտերնետ ծառայությունը: Անցանկալի կայքերի շարքում են՝ 18+, բռնություն կամ ահաբեկչություն քարոզող, վիրուսներ տարածող կայքերը»,- նշեց Հայկ Եսայանը:

Նրա խոսքով՝ ՀՀ ԿԳ նախարարության հետ համագործակցությունն ավելացնում է պատասխանատվությունը բոլոր դպրոցականների նկատմամբ:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց ՀՀ հանրակրթական դպրոցներում աշակերտների համար կրթական առցանց ռեսուրսների մատչելիությունը և դրանց անվտանգ հասանելիության ապահովումը:

«Ծրագիրը դեռևս իրականացվելու է ՀՀ մարզերի 20 դպրոցում: Ընդհանուր առմամբ՝ ամբողջ Հայաստանում կա 1400 դպրոց և որտեղ հասանելի կլինի Ucom-ն, այնտեղ էլ կիրականացնենք մեր ծրագիրը»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը: 


© 2009 ARMENPRESS.am