ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկվել է քրեկատարողական համակարգում իրավիճակի բարելավման ռազմավարության նախագիծը

16:47, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարարը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է ռազմավարության առանցքային ուղղությունները՝ ընդգծելով, որ ներկայացվող ռազմավարությունը նպատակ ունի քրեակատարողական համակարգում պատժողական արդարադատությունից անցում ապահովել վերականգնողական արդարադատության:

Ի թիվս մի շարք նորամուծությունների՝ Սուրեն Քրմոյանը հանդիպման մասնակիցներին տեղակացրել է նաև, որ ռազմավարությունից բխում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի փակումը և նորի կառուցումը Աբովյան քաղաքում:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարար Քրմոյանը հորդորել է հանդիպմանը մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ակտիվ մասնակցել ռազմավարության նախագծի լրամշակման գործընթացին՝ ներկայացնելով գործուն առաջարկներ նախագծի ներածության, ռազմավարական ուղղությունների և դրանք իրականացնելու միջոցառումների վերաբերյալ:

Այնուհետև, հաջորդել է հարցուպատասխանը մասնակիցների միջև:

 


© 2009 ARMENPRESS.am