Մասիս Մայիլյանի հետ Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարցը չի քննարկվել. Արցախի ԱԳՆ

10:48, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Հարավային Օսիայի Հանրապետությունում, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի քաղաքական առաջին դեմքերի հետ:

Հանդիպումների վերաբերյալ տարածված տեղեկություններից մեկում նշվել է, որ իբր Արցախի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչման հարցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցի կապակցությամբ «Արցախպրես» լրատվական գործակալությունը մեկնաբանություն է խնդրել ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որին ի պատասխան նշել են.
«Առաջին հերթին, անհրաժեշտ է ընդգծել, որ Հարավային Օսիայի մեր գործընկերների հետ բազմաթիվ երկկողմ հանդիպումների ընթացքում հարավօսական կողմից Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարցը չի բարձրացվել։ Միևնույն ժամանակ, տեղին է նշել, որ Արցախի և Հարավային Օսիայի միջև ձևավորվել են սերտ և վստահելի հարաբերություններ, և քննարկման համար փակ թեմաներ չկան»:
ԱԳՆ պատասխանի մեջ նշված է նաև, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հենց այս դիրքորոշումն էր արտահայտել Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

© 2009 ARMENPRESS.am