Անահիտ Տեր-Մինասյանը Հայաստանի առաջին Հանրապետության ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. Փաշինյանը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

20:20, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան մասին:

Ծնված լինելով հայրենիքից հեռու և սերելով Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքից՝ տիկին Տեր-Մինասյանն իր գործունեությունը նվիրել է Հայաստանին և հայոց պատմությանը: Անահիտ Տեր-Մինասյանը Հայաստանի առաջին Հանրապետության, ինչպես նաև հայկական սփյուռքի պատմության ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է:

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Անահիտ Տեր-Մինասյանի ընտանիքին, ընկերներին և բարեկամներին: Մեծանուն հայ գիտնականի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:


© 2009 ARMENPRESS.am