ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

18:39, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 20-ին հանդիպել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին։

9 տարի շարունակ  իրականացվող ծրագրին ներգրավվել են պատմության և մշակույթի ոլորտի ավելի քան 250 հեղինակավոր գործիչներ, ովքեր պարբերաբար այցելել են զորամասեր,  հանդես  եկել 1000-ից ավելի դասախոսություններով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արժևորելով ծրագրի դերը զինծառայողների հայրենասիրական դաստիրակության գործում՝ Դավիթ Տոնոյանը ծրագրի մասնակիցներին հավաստիացրել է, որ յուրաքանչյուր նման այցելություն ու հանդիպում նոր լիցք է հաղորդում ազգային բանակի զինվորներին և սպաներին։

Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը զինծառայողների ազգային, հայրենասիրական դաստիրակության գործում ունեցած ներդրման, ինչպես նաև  ծրագրին ցուցաբերած ակտիվ մասնակցության համար պատվոգրերով և հուշամեդալներով է պարգևատրել մի շարք արվեստագետների և գիտնականների։

 

 


© 2009 ARMENPRESS.am