Կառավարության և ՀԲ-ի ներկայացուցիչները քննարկել են «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի նախագիծը

18:28, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ փետրվարի 19-ին կառավարությունում կայացել է «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի նախագծի քննարկումը: Հանդիպմանը ներկա են եղել պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Համաշխարհային բանկի Հայաստան ժամանած առաքելության անդամներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, բացման խոսքում փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության շարունակական զարգացումը և այդ համատեքստում բարձր գնահատել մշակվող փաստաթղթի դերը: Փոխվարչապետը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության գերակայություններն ու տարբեր ոլորտներում առկա խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ ակնկալում է Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրերի իրականացում: Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, անդրադրաձել է մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների արդիականացման, կապիտալի շուկայի ձևավորման, պետական գործառույթների օպտիմալացման և առևտրի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունների օգտագործման հարցերին:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ներկայացրել են «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի մշակման և հաստատման ժամանակացույցը և նախագծի հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են տնտեսական, ֆիսկալ և հանրային կառավարման ոլորտներին: Ըստ ՀԲ ներկայացուցիչների՝ վերոնշյալ ոլորտները համահունչ են Կառավարության ծրագրում ներառված երեք ուղղությունների հետ՝ կոռուպցիայի դեմ պայքար, մրցակցային, մասնակցային ու ներառական տնտեսություն և հանրային ֆինանսների կառավարում:

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ Կառավարության ծրագրի և «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի մեջ ներառված հավակնոտ ծրագրերը հնարավոր է իրականություն դարձնել համատեղ ջանքերով:
 


© 2009 ARMENPRESS.am