Սուրեն Քրմոյանը ԱՄՀ փորձագիտական խմբի հետ քննարկել է հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ  հարցեր

18:44, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը փետրվարի 15-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագիտական խմբին: Պատվիրակությունը ղեկավարել է ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսեին Սամիեյը: Փոխնախարար Քրմոյանը ողջունել է Հայաստանում գնահատող առաքելություն իրականացնող պատվիրակության անդամներին և կարևորել նրանց աշխատանքը հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացում քննարկվել են կոռուպցիոն երևույթների նվազեցմանն ուղղված հնարավոր մեխանիզմները, տնտեսական գործունեության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու հետ կապված հարցեր, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանում արդեն իսկ իրականացված բարեփոխումներն ու ներդրված գործիքները: Հատուկ շեշտադրում է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործմանն ու կառավարության ծրագրին համահունչ հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի ստեղծմանը: Այս համատեքստում, Սուրեն Քրմոյանը փորձագիտական խմբի անդամներին է ներկայացրել  կոռուպցիայի դեմ արդյունավետ  պայքարելու նպատակով կազմված կառավարության ծրագիրը: Կողմերը քննարկել են հակակոռուպցիոն այնպիսի ինստիտուցիոնալ համակարգ ստեղծելու հարցը, որի շրջանակներում հնարավոր կլինի ապահովել կանխարգելիչ, կրթական և իրավապահ գործառույթների արդյունավետ իրականացումը:,

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կոռուպցիայի կանխարգելմանը և, հատկապես, հայտարարագրման համակարգին առնչվող  մի շարք հարցեր:  ԱՄՀ փորձագիտական խումբը պատրաստակամություն է հայտնել հետագայում կրկին համագործակցել արդարադատության նախարարության հետ,  քննարկել նաև մարմնի ստեղծման, դրա կառուցվածքի վերաբերյալ այլ իրավական փաստաթղթեր:


© 2009 ARMENPRESS.am