ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հունաստանի իր գործընկերոջ հետ և այցելել IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի հայկական տաղավար

16:24, 17 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17-ին Աբու Դաբիում հանդիպել է Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար  Արծրուն Հովհաննիսյանը։

«Դավիթ Տոնոյանը շնորհավորեց իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հրավիրեց Հայաստան։ Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկեցին հայ-հունական ռազմական համագործակցության հարցեր։ Նշելով այս ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումները՝ նախարարները երկուստեք պատրաստակամություն հայտնեցին ռազմական համագործակցության խորացման հարցում»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է IDEX-2019 ցուցահանդեսին ներկայացված հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար։ 


© 2009 ARMENPRESS.am