Ոստիկանության աշխատակիցները գիշերային շրջայցի ընթացքում հայտնաբերել են գողության փորձ կատարած անձանց

16:30, 16 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 7-ին՝ ժամը 3:30-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Շահումյան փողոցում շրջայց կատարելիս նկատել էին կապոցները ձեռքին` «Մերսեդես» մակնիշի մեքենային մոտեցող երկու երիտասարդի:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության աշխատակիցներին տեսնելով`  կասկածյալները ձեռքի եղածը մի կողմ էին նետել, փորձել էին փախչել, բայց իրավապահները հետապնդել, բռնել ու գողության փորձ կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության Տաշիրի բաժին:
Ոստիկանության աշխատակիցները պարզեցին նրանց ինքնությունը. Սպիտակի բնակիչ Արգամ Հովսեփյան և վանաձորցի Արթուր Աթաբեկյան: 
Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին նաև, որ կասկածյալները ժամը 3-ի սահմաններում, օգտվելով այն հանգամանքից, որ տանտերն արտասահմանում է, ապօրինի մուտք են գործել Խանջյան փողոցի առանձնատներից մեկն ու տունը տակնուվրա անելուց հետո հափշտակել` ոսկյա զարդ, ժամացույց, թվային ֆոտոխցիկ, երաժշտական կենտրոն, հագուստ ու կենցաղային իրեր: 
Երկուսն էլ նախկինում դատապարտվել էին կողոպուտի, գողության, գողության փորձի համար, սակայն պատիժը կրելուց հետո կրկին բռնել էին հանցավոր ուղին:
Տանտիրոջ հարազատներից ընդունվել է հաղորդում:
Հովսեփյանի և Աթաբեկյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի` գողության փորձ կատարելու հոդվածի հատկանիշներով: Նրանք կալանավորվել են:
Նախաքննությունը շարունակվում է:


© 2009 ARMENPRESS.am