Դեսպան Կիրակոսյանը բրիտանական արտաքին և համագործակցության հարցերի նախարարությունում հանձնել է հավատարմագրերի պատճենը

17:44, 15 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արման Կիրակոսյանը փետրվարի 14-ին  իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Միացյալ Թագավորության դիվանագիտական կորպուսի Մարշալի օգնական ու արտաքին և համագործակցության հարցերի նախարարության արարողակարգի ծառայության տնօրենի տեղակալ Ֆրանչեսկա Ֆլեսսատիին (Francesca Flessati)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով Արման Կիրակոսյանին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Ֆրանչեսկա Ֆլեսսատին դեսպանին մաղթեց բեղմնավոր աշխատանքային գործունեություն և պատրաստակամություն հայտնեց ցուցաբերելու ամենայն աջակցություն։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ կատարեցին հայ–բրիտանական բարեկամական հարաբերություններին, դրանց ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։

Դեսպան Կիրակոսյանը պատրաստակամություն հայտնեց շարունակական քայլեր ձեռնարկել հայ–բրիտանական երկխոսության ակտիվացման և կապերի սերտացման ու խորացման ուղղությամբ։


© 2009 ARMENPRESS.am