ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքն առաջին անգամ չվիճարկելը ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բարձրացման արդյունք է. Մուկուչյան

12:17, 15 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որևէ քաղաքական ուժի կողմից առաջին անգամ չվիճարկելը առավելագույն թափանցիկության ու վստահության բարձրացման արդյունք է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մուկուչյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Առաջին անգամ, ըստ էության, Սահմանադրական դատարանում, նաև ԿԸՀ-ում որևէ վիճարկում չեղավ: Մենք չունեցանք սահմանադրական արդարադատության կարգով, նաև ընտրական հանձնաժողովներում արդյունքների վիճարկում: Սա խոսում է ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բարձրացման և միաժամանակ ընտրական գործընթացի առավելագույն թափանցիկության մասին»,-ասաց Մուկուչյանը:

Նա նշեց` նախկինում անգամ սահմանադրական վիճարկման փուլում ոչ միշտ է, որ եղել է պատշաճ ապացուցողական բազա: Եվ սահմանադրական կարգով ընտրական գործընթացի վիճակումը Մուկուչյանը համարեց պարզապես  ընդունված տրամադրության արտահայտման ձև: «Երբ ընտրական գործընթացը և նրա արդյունքները խնդիր չեն հարուցում քաղաքական ուժերի մոտ, նրանք ընդունում են այդ արդյունքները, դա հանգեցնում է սահմանադրական արդարադատության կարգով վիճարկումներ չունենալուն: Դա իրապես կարևոր մշակույթ էր, որ ձևավորվեց այս ընտրությունների արդյունքում»,-նշեց Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարծիքով` արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Ընտրական օրենսգրքի պահանջներին լիակատար համաձայն:

ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են 2018 թ. դեկտեմբերի 9-ին:


© 2009 ARMENPRESS.am