Բնապահպանության նախարարը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

10:58, 14 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերն արձանագրել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժի առկայությունը և քննարկել դրա լիարժեք օգտագործմանն ուղղված գործնական քայլերը։

Նախարարը բարձր է գնահատել դեգրադացված հողերում անտառտնկման չինական փորձը և կարևորել Հայաստանում նմանատիպ աշխատանքների փորձնական ծրագրի իրականացումը։

Դեսպան Թիեն Ըրլոնգը կարևորել է բնապահպանության ոլորտում համագործակցության մեկնարկը  և հույս հայտնել, որ այն իր շարունակությունը կստանա ապրիլին Պեկինում կայանալիք «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովի շրջանակներում, որին հրավիրված է նախարար Գրիգորյանը։ 

Կողմերը քննարկել են նաև էլեկտրոմոբիլների օգտագործման խթանման, բնապահպանական մոնիթորինգային համակարգի կատարելագործման, ուսուցողական ծրագրերի իրականացման հարցեր։

 


© 2009 ARMENPRESS.am