Կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մեխանիզմը

11:40, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի ապօրինի ձեռք բերված գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հարցին:

«Կա հարց երկրից և ժողովրդից գողացված գումարների վերադարձի հետ կապված, և հիմա կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը: Այս անվանումը կարող է տարօրինակ թվալ, բայց մենք հիմնավորում ունենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներում սա համարվում է որպես նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում, այսինքն սա չի համարվում մարդու իրավունքների սահմանափակում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս մեխանիզմն անցումային արդարադատության մասերից մեկն է:

«Այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, գործում է կոպիտ ասած մեղավորության կանխավարկածը: Եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, ապա այդ գույքի ձեռքբերումը համարվում է ապօրինի»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ պետական կառավարման համակարգում այս խնդրի հետ կապված դիմադրություններ են առաջանում, որ այս գործն առաջ չգնա, բայց այն իրագործվելու է:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am