Քուվեյթի Ալ Ահմադի նահանգի ղեկավարը հայտնել է ՀՀ մարզերից մեկի հետ համագործակցելու պատրաստակամություն

18:22, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը փետրվարի 12-ին հանդիպել է Քուվեյթի Պետության Ալ Ահմադի նահանգի նահանգապետ, շեյխ Ֆաուազ Ալ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի (Sheikh Fawaz Khaled Al-Hamad Al-Sabah) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նահանգապետ Ալ-Սաբահը ողջունել է ՀՀ դեսպանին և գոհունակություն հայտնել այցելության կապակցությամբ։ Նահանգապետը համառոտ տեղեկություն է տրամադրել Ալ Ահմադի նահանգի վերաբերյալ՝ հայտնելով Հայաստանի համապատասխան տարածքային միավորի հետ համագործակցելու պատրաստակամություն։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նահանգի վերաբերյալ տրամադրած տեղեկության համար` դեսպան Բաղդասարյանը վստահեցրել է, որ իր համար շատ հաճելի է ծանոթությունը Ալ Ահմադի նահանգին և անձամբ նահանգապետի հետ՝ ընդգծելով, որ մոտ ապագայում երկկողմ համագործակցության գործնական քայլեր կատարելու հնարավորություններ է տեսնում։

Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող փոխգործակցային հարցերի շուրջ։


© 2009 ARMENPRESS.am