Կառավարությունը քննարկելու է դեղերի ներմուծման շուկայում նոր ներկրումների հնարավորություն ստեղծելու հարցը

18:12, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը լրջագույնս քննարկելու է Հայաստանում դեղերի ներմուծման շուկայում զուգահեռ ներկրումների հնարավորություն ստեղծելու հարցը, որը կարող է բերել նաև գների անկման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի դիտարկմանը:

Գորգիսյանը նշեց, որ իր կարծիքով` ԵԱՏՄ մեր գործընկերները հայկական շուկայից դուրս են մղում մսամթերքը, գյուղմթերքը, դեղորայքը:

Փաշինյանը նշեց` կա տեսակետ, որ  դեղերի շուկայում պետք է զուգահեռ ներկրումների հնարավորություն ստեղծվի, ինչը կբերի դեղերի շուկայում գների անկման: «Եվ դա բավականին կողմնակիցներ ունի: Այս փաստարկը մենք լրջորեն կքննարկենք: Եվ եթե պարզվի, որ դրա արդյունքում մեր սպառողների շահերը գնային և որակային առումով օգուտ են ստանում, մենք, հնարավոր է, որ գնանք այդպիսի քայլերի»,-ասաց վարչապետ:

Նա նշեց, որ թեև այսօր էլ կան զուգահեռ ներկրման մեխանիզմներ, դրանք բավականին դժվար են գործում:

 


© 2009 ARMENPRESS.am