Հայկ Մարությանը «Սանիթեք»-ին հորդորել է հետևողական աշխատանք տանել աղբամանների քանակի ապահովման ուղղությամբ

14:29, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման: Կատարված դիտարկումների համաձայն այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետևողական աշատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ:

Երևանում սեփական նախաձեռնությամբ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ քաղաքացիների կողմից առաջարկներ ներկայացնելու նպատակով առցանց համակարգի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են: Քաղաքապետին զեկուցել են, որ «Ակտիվ քաղաքացի» առցանց հարթակը կծառայի ոչ միայն այս նախաձեռնությունը կյանքի կոչելուն, այլև ապագայում քաղաքացիների հետ մշտական կապի ապահովման, տեղական նշանակության հանրային հարցումներ իրականացնելու հնարավորություն կդառնա:

«Սա հենց այն է, ինչ հարկավոր է: Առաջինը կմեկնարկի ծրագիրը, որը նախաձեռնել ենք, և ընդհանրապես, այս հարթակը կլինի ուղիղ կապ մեր բնակիչների հետ»,- նշել է Հայկ Մարությանը:

 


© 2009 ARMENPRESS.am