Իրանի խորհրդարանը շուտով կվավերացնի ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը

15:27, 9 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանը մոտ ժամանակներս կվավերացնի Եվրասիական տնտեսական միության ու պաշտոնական Թեհրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Россия-24»-ին տված հարցազրույցում ասել է Իրանի դեսպան Մեհդի Սանաին:

«Շատ շուտով համաձայնագիրը կվավերացվի»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ համաձայնագիրն արդեն Իրանի խորհրդարանում է: Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններն արդեն վավերացրել են այն:

«Իրանում, Հայաստանում և Ղրղզստանում վավերացման գործընթացը շարունակվում է»,- ասել է Մեհդի Սանաին: Նա հույս է հայտնել, որ վավերացման գործընթացը կարևոր քայլ է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական տեսանկյունից: «Մենք պետք է բարձրացնենք Ռուսաստանի և մյուս երկրների հետ առևտրային հարաբերությունների մակարդակը: Հուսով եմ, որ Իրանի հետ նոր ազատ առևտրի գոտու ստեղծումը օգնում է այս հարցում»,- նշել է դիվանագետը:


© 2009 ARMENPRESS.am