Շինարարության ոլորտում մենք լուրջ ծրագրեր ունենք. վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է ոլորտի զարգացման հեռանկարները

19:56, 8 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 8-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանում շինարարության ոլորտի զարգացման միտումներին և կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ  կառավարությունը շինարարության ոլորտում շատ լուրջ ծրագրեր ունի: «Հիպոթեկային վարկավորման ոլորտում շատ լուրջ ակտիվություն է նկատվում,  և դա ենթադրում է, որ այն իր հետևից պետք է բերի որոշակի աշխուժություն նաև շինարարության ոլորտում: Բացի այդ, մենք շատ լուրջ ծրագրեր ունենք նաև կապված Հայաստանում ջրամբարաշինության ակտիվացման հետ, որովհետև դա մեր զարգացման ռազմավարական ուղղություններից է, և մենք պետք է կարողանանք լրջագույն ջրային ռեսուրսներ կուտակել՝ մեր կայուն զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լիճը, ի վերջո, հանգիստ թողնելու համար:

Ճանապարհաշինության ոլորտում ևս լուրջ պլաններ ունենք, որովհետև ենթակառուցվածքի  այն մակարդակը, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում, մտահոգվելու տեղիք է տալիս, և մենք այդ ենթակառուցվածքների, ավտոճանապարհների մակարդակը և որակը էականորեն բարձրացնելու խնդիր ունենք: Հույս ունեմ, որ այսօր կքննարկենք այն բոլոր խնդիրները, որ կան շինարարության ոլորտում, որպեսզի այս բոլոր ուղղություններով մեր հետագա աշխատանքի համադրության և սինխրոնիզացման խնդիրը լուծենք», - ասել է  կառավարության ղեկավարը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացմանը, կառուցապատողի կողմից ենթակառուցվածքներով ապահովմանը, ինտեգրված կադաստրային համակարգի ներդրմանը, տեղական ընկերությունների խթանմանը, շինարարության ոլորտի օրենսդրական և գնագոյացման մեխանիզմներին, գործող նորմատիվային բազային առնչվող և մի շարք այլ հարցերի: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն անդրադարձել են նաև վարչապետ Փաշինյանի նշած ոլորտներում համագործակցության հեռանկարներին և պատրաստակամություն հայտնել քննարկել այդ ուղղություններով ծրագրերի հնարավորությունները:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կառավարությունը կարևորում է շինարարության ոլորտում ընթացակարգերի շարունակական բարելավումը, ինչը կխթանի մեր երկրում կառուցապատման գործընթացը և կնպաստի նաև  «Doing business»-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքերի բարելավմանը:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ կառուցապատող ընկերությունների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել ներկայացված առաջարկությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նման ձևաչափով հանդիպումները հաճախակի կազմակերպելու վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am