Իսրայելում առաջարկում են Երուսաղեմի հայկական խեցեղեն արվեստը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

16:55, 8 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «The Jerusalem post» իսրայելական թերթն անդրադարձել է Իսրայելում մշակութային ժառանգության պահպանման հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարբերականը գրում է, որ Իսրայելում մշակութային ժառանգությունը գտնվում է հակասեմականության և տարածաշրջանային աշխարհաքաղաքական ռիսկերի սպառնալիքի տակ: Հետևաբար, օրակարգային հարց է դրանց պահպանումը՝ ներառելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Թերթը ներկայացնում է այն մշակութային արժեքները, որոնք առաջարկվում է ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Այդ մշակութային արժեքների թվում է Շոֆարը, որը հրեական ծիսական փողային երաժշտական գործիք է, իսրայելական ժողովրդական պարերը, Երուսաղեմում հայկական խեցեղեն արվեստը և այլն: Նշվում է, որ 1922 թվականից ձեռագործ հայկական խեցեղենը Երուսաղեմում բավական տարածված է եղել. պատրաստվել են հին քաղաքի ճանապարհային նշանները, սպասքը: Հայերի ձեռագործ ծաղկազարդ խեցեղենը Երուսաղեմի այցեքարտն էր:


© 2009 ARMENPRESS.am