Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցի մասին

21:17, 5 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե Անանյանը փետրվարի 4-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպմանը մասնակցել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Հանդիպմանը քննարկվել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը: Պատրիարքարանից արված հաղորդագրության մեջ նշվում է, որ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում անկեղծ խոսակցություն է ծավալվել, որի ընթացքում ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտնել է, որ պետությունը հետաքրքրված է պատրիարքի ընտրության խնդրով և հետևում է զարգացումներին: Նա ասել է նաև, որ լուծման հասնելու համար պետք է համբերատար լինել:

Հանդիպման մասին «Ակոս»-ին պատմել է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Նա հայտնել է, որ Գարեգին Բ կաթողիկոսը ցանկություն է հայտնել, որ պատրիարքի ընտրության հարցի վերաբերյալ Պարսամյանը հայտնի իր տեսակետները: Ուստի Հռոմում գտնվելու ժամանակ Պարսամյանը հանդիպել է Թուրքիայի դեսպանի հետ ու այդ ցանկությունը փոխանցել նրան: «Դեսպանը դրականորեն արձագանքեց և հայտնեց, որ կփոխանցի արտգործնախարարին: Ավելի ուշ ինձ զանգահարեցին և հայտնեցին ԱԳ նախարարի հետ հանդիպման օր նշանակելու մասին: Այդ մասին ես հայտնեցի Գարեգին Բ կաթողիկոսին»,- պատմել է արքեպիսկոպոս Պարսամյանը:

Խոսելով այն մասին, թե ինչպես է անցել հանդիպումը՝ նա ասել է. «Նախարարը մեզ շատ ջերմ ընդունեց, ես էլ հստակորեն ներկայացրի, որ իմ նպատակը ոչ թե դրսից միջամտելն է, այլ մեր մտահոգությունները հայտնելն ու հասկանալը, թե ինչ կերպ կարող ենք օգտակար լինել: Նախարարն ասաց, որ ինքն էլ է հասկանում, որ դա խնդիր է, նշեց, որ պետությունը ևս ուզում է պատրիարքի ընտրություն անցկացնել, սակայն դրա համար անհրաժեշտ է մի փոքր համբերել»:

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության պատճառով արդեն ավելի քան 10 տարի չի պաշտոնավարում: Նրա փոխարեն պատրիարքական փոխանորդի պաշտոնում է նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը 2017 թվականին Մութաֆյանին ճանաչեց որպես «պատրիարք ի հանգստյան», իսկ նրա աթոռը՝ «թափուր»: Խորհուրդն ամիսներ անց պատրիարքի տեղապահ ընտրեց Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Նրա ընտրությունից ձևավորվեց հատուկ Նախաձեռնող խումբ, որը պետք է նախապատրաստեր պատրիարքի ընտրության գործընթացը: Բեքչյանին, սակայն, Ստամբուլի նահանգապետարանն այդպես էլ չճանաչեց: Նահանգապետարանից ուղարկված հատուկ գրության մեջ ասվում էր, որ քանի դեռ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ողջ է, նոր ընտրություններ չեն կարող անցկացվել:

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am