Իջևան ԲԿ-ի նախկին տնօրենը կասկածվում է խարդախություն կատարելու մեջ

16:46, 5 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջևան բժշկական կենտրոնի նախկին տնօրենը կասկածվում է  խարդախություն կատարելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքի էջը, ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունվարի 16-ին վարույթ է ընդունվել 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

«Նախնական տվյալներով՝ Իջևան քաղաքի բնակիչը Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենը, 2015 թվականի ամռանը իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն չկատարելով խոստումը հափշտակել է գումարը: Հունվարի 17-ին Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենին ծանուցագիր է ուղարկվել նախաքննական մարմին ներկայանալու վերաբերյալ: Վերջինս մինչ օրս չի ներկայացել նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն»,- գրել է Հարությունյանը:

 


© 2009 ARMENPRESS.am