Քաղաքագետը Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացում ոչ կառուցողական երկրի կերպարը փոխելու մտադրություն է տեսնում

15:00, 5 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանին լարվածությունը համեմատաբար նվազեցնելով՝ Ադրբեջանը նպատակ ունի պարզապես փոխել իր իմիջը՝ որպես Արցախի խնդրի բանակցային կողմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Այն, որ Արցախի կոնֆլիկտի ժամանակ լարվածությունը պարբերաբար նվազել և ավելացել է, նոր բան չէ: Ադրբեջանը փորձում է մեր աչքում փոխել Ղարաբաղյան հակամարտության կողմերի իմիջի տրամաբանությունը։ Մինչ այս տպավորությունը եղել է այսպես՝ հայերը պատրաստ են խնդրի կոնսենսուսային լուծմանը, պատրաստ են քննարկումների: Ադրբեջանն ամեն ինչ արգելափակել է, ոչ մի բանի չի համաձայնվել: Ադրբեջանը ոչ կառուցողական երկրի իմիջ ուներ, որը խափանում էր այն բոլոր նախաձեռնությունները, որոնց համաձայն էր Հայաստանը»,-ասաց Իսկանդարյանը:

Նա նշեց, որ հիմա Ադրբեջանը որոշել է փոխել այդ իմիջը, որ նրանք տարբերակներ առաջարկեն, իսկ հայերը դրա հետ չհամաձայնեն: Իսկանդարյանը նշեց, որ լարվածության նվազեցումը ստրատեգիա է, որին Հայաստանը ձգտում է, իսկ Ադրբեջանը հիմա ցույց է տալիս, որ կարող է դա անել: Նրա կարծիքով՝ նպատակները, որին ուզում են հասնել Հայաստանն ու Ադրբեջանը, միանգամայն տարբեր են: Նա նաև դժվարացավ ասել, թե սահմանին իրավիճակի համեմատաբար կայունությունը որքանով է լուրջ:


© 2009 ARMENPRESS.am