ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ վարչապետի խիզախ քայլերի մասին Մերկելի հայտարարությանը

17:36, 4 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած խիզախ քայլերի վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մնացականյանն այս հարցին անդրադարձել է փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այն, ինչ արվել է պարոն Փաշինյանի կողմից, խիզախություն է: Խոսել խաղաղության մասին, չի նշանակում, որ ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում վճռականությունը։ Բայց խոսել խաղաղության մասին, որը վերաբերում է և՛ Հայաստանի ժողովրդին, և՛ Ադրբեջանի ժողովրդին, և՛ Ղարաբաղի ժողովրդին, խիզախություն է։ Մենք շատ կողջունենք, որ նման հայտարարությամբ հանդես գա նաև մյուս կողմը»,- ասաց Մնացականյանը։

Փետրվարի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսում, պատասխանելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին հարցին, Մերկելն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել և շեշտեց, որ դա պահանջում է, որպեսզի դիմացինն էլ խիզախ քայլերի պատրաստակամություն հայտնի:


© 2009 ARMENPRESS.am