«Իմ քայլը» խմբակցությունը չունի օրհներգը փոխելու վերաբերյալ օրակարգ

16:50, 4 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ օրհներգը կամ այլ խորհրդանիշ փոխելու վերաբերյալ հարց չունի իր օրակարգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Պաշտոնապես հայտնում եմ, որ խմբակցությունում օրհներգը կամ որևէ խորհրդանիշ փոխելու հետ կապված օրակարգ չկա»-նշեց Մակունցը:

Նրա կարծիքով՝ խորհրդանիշները փոփոխելու հետ կապված պետք է լինեն չափազանց զգուշավոր և չեն կարող ամեն առիթով դիտարկել փոփոխությունների հարցը: «Սակայն իմ անձնական կարծիքն օրհներգի հետ կապված արդեն հայտնել եմ»,-ասաց Մակունցը:

Լրատվամիջոցներում ակտիվ շրջանառվում են օրհներգը փոխելու վերաբերյալ քննարկումները: Ավելի վաղ Մակունցը նշել էր, որ հիմնի վերաբերյալ հնչում են տարբեր կարծիքներ, մասնավորապես, որ այն պետք է ունենա հստակ ուղերձներ, լինի ոգին բարձրացնող: Մակունցը նշել էր, որ գործող հիմնն իր համար որոշակի հարցեր առաջացնում է, սակայն նա շեշտել էր, որ ընդհանուր, համատեղ որոշման պետք է հասնել:  Սոցիալական ցանցում հարցին անդրադարձել էր նաև Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Նա, մասնավորապես նշել էր, որ քննարկումներից իր եզրակացությունն այն է, որ գործող օրհներգը չի վայելում հայ մարդկանց առնվազն մեծ մասի համակրանքը և, եթե ոչ այսօր, ապա ապագայում այն փոխվելու է:

 

 


© 2009 ARMENPRESS.am