Հայաստանում քաղցկեղի տեսակների մեջ տարածվածությամբ առաջին տեղում թոքի քաղցկեղն է

16:35, 4 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում 2018 թվականին մոտ 10 միլիոն մարդ մահացել է քաղցկեղից: Մահերի 70 տոկոսը գրանցվել է հիմնականում զարգացող երկրներում, որոնցից է նաև Հայաստանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ մահերի 1/3-ը վարքագծային գործոններով է պայմանավորված՝ ինչպիսիք են օրինակ ծխելը, ալկոհոլի չարաշահումը, քաշի ավելացումը, ֆիզիկական ցածր ակտիվությունը:

«Առողջապահության նախարարության ռազմավարական հիմնական երեք ուղղություններից մեկը քաղցկեղի դեմ պայքարն է: Մենք հաստատակամ ենք խնդրին դեմ առ դեմ կանգնելու»,-ասաց նախարարը՝ հորդորելով գանգատների ի հայտ գալու դեպքում օր առաջ դիմել բժշկի: «Կոչ եմ անում մասնակցել այն բոլոր կանխարգելիչ միջոցառումներին, որ երկիրն անում է և կանի քաղցկեղի դեմ պայքարում: Դրանցից է արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը,շուտով կսկսի նաև կրծքագեղձի քաղցկեղի սկրինգային ծրագիրը Լոռիում, Տավուշում և Սյունիքում: Պլաններ կան ներդնել նաև հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգը, բերանի խոռոչի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը, ինչպես նաև զբաղվել քաղցկեղի առաջնային կանխարգելմամբ. օրինակ արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի դեպքում դա մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն են, որը ներդնելով՝ շատ երկրներ մոտակա 10 տարիների ընթացքում կվերացնեն արգանդի վզիկի քաղցկեղը»,-ասաց նա:

Թորոսյանը նշեց, որ Հայաստանում քաղցկեղի տեսակների մեջ առաջին տեղում թոքի քաղցկեղն է, ինչը պայմանավորված է ծխելու հետ:


© 2009 ARMENPRESS.am