Սկրինինգային ծրագրեր, իրազեկման միջոցառումներ. ՀՀ-ում և Արցախում կմեկնարկի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված տեղեկատվական արշավ

15:10, 4 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Արցախում կմեկնարկի «Վաղ և ճշգրիտ» խորագրով տեղեկատվական արշավ ՝ ուղղված քաղցկեղի դեմ պայքարին: Նախաձեռնողը «Եվրոպա Դոննա-Արմենիա» կազմակերպությունն է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում կազմակերպության հիմնադիր տնօրեն Նվարդ Քոչարյանը նշեց, որ տեղեկատվական արշավի նպատակը հիվանդության կանխարգելումն է:

«Եթե հիվանդությունը վաղ է հայտնաբերվում, ապա և՛ բուժումն է արդյունավետ լինում, և՛ առողջական խնդիր ունեցողի կյանքի որակն է բարելավվում: Փորձը ցույց է տալիս, որ շատ են դեպքերը, երբ հիվանդությունները վերջին փուլում են հայտնաբերվում, իսկ նման պարագայում բուժվելու հավանականությունը նվազում է»,-ասաց Նվարդ Քոչարյանը:

Տեղեկատվական արշավն իրականացվելու է Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում: Նախաձեռնողները ռիսկի խմբերին, բնակչության տարբեր հատվածներին ոչ միայն իրազեկելու են տեղեկատվական թերթիկներով, հանդիպումներով, քննարկումներով, այլև բուժզննման ծրագրեր են անցկացնելու:

«Բժիշկ-մասնագետների խմբով մեկնելու ենք մարզեր, արդեն նախապես հերթագրված քաղաքացիները ստուգվելու են: Իրականացվելու են կրծքագեղձի, շագանակագեղձի, վահանաձև գեղձի սկրինինգներ: Այս ուղղություններով խնդիրների հայտնաբերման դեպքում հիվանդները կուղղորդվեն համապատասխան հաստատություններ»,-ասաց Նվարդ Քոչարյանը:

Տարվա ընթացքում տեղեկատվական արշավի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, Բուսաբանական այգում հիմնվելու է պուրակ, անցկացվելու են ծառատունկ, համաժողով, սկրինինգային ծրագրեր և այլն:  

Կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, ով այս ծանր հիվանդությունը հաղթահարողներից է, կարևորեց  հասարակության շրջանում տեղեկատվական արշավի իրականացումը: Նրա խոսքով, հիվանդության կանխարգելման հետ կապված հասարակության իրազեկվածության բարձրացումն անհրաժեշտություն է:

«Իմ հիմնական ուղերձը հետևյալն է, ապրել առողջ կենսակերպով, ձերբազատվել վնասակար սովորույթներից, զբաղվել սպորտով և փորձել լավատես լինել: Չէ՞ որ, երբ առողջության հետ կապված խնդիրներ կան, կյանքն ամբողջությամբ փոխվում է, նույնիսկ հասարակ ատամ ցավելու դեպքում չես կարողանում լիարժեք մտածել: Ասածս այն է, որ առողջ լինելու ժամանակ ևս արժևորենք մեր առողջությունը»,-ասաց Էդգար Գյանջումյանը:

 


© 2009 ARMENPRESS.am