Աննա Հակոբյանը հանդիպել է ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին

19:02, 1 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին Բեռլինում հանդիպել է ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբհանի գրասենյակից, հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է երկու հիմնադրամների գործունեությունը, «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների ոլորտում նոր կառավարության ձեռքբերումներին:

Կողմերը կարևորել են վերոնշյալ ոլորտում հետագա համագործակցության խորացումը:

«ԳԴՀ արտաքին քաղաքականության ուղղություններից է մարդու իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին աջակցումը, մարդու իրավունքների խախտումներին զոհ դարձած անձանց պաշտպանությունը, ինչպես նաև այդ նպատակով միջազգային ինստիտուցիոնալ և քաղաքական շրջանակների ստեղծումը»,- նշված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am