Մոսկվայի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել «Երևան պլազա», «Ռիո» առևտրի կենտրոններում պայթյունի վտանգի մասին

16:41, 31 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի ոստիկանությունը հունվարի 31-ին անանուն զանգեր է ստացել ավելի քան 10 օբյեկտներում պայթյունի վտանգի մասին. օբյեկտների թվում են «Երևան պլազան», ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին պատկանող «Ռիո» առևտրի կենտրոնը, «Սինեմա սթար» կինոթատրոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, անանուն զանգերը ոստիկանություն ստացվել են 10 րոպեի ընթացքում: «Մոսկվայում զանգվածային կերպով սկսեցին ստացվել հաղորդագրություններ առևտրի կենտրոններում և կրթական հաստատություններում պայթյունի վտանգի մասին: Ստուգվում են ավելի քան 10 օբյեկտներ»,-հայտնել են ոստիկանությունից:

«Տեղում են արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, ոստիկանության աշխատակիցները, կինոլոգներ՝ տվյալ հաղորդագրությունների ստուգման նպատակով»,-նշել են գործակալության աղբյուրները:


© 2009 ARMENPRESS.am