Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն ԱՄՆ Արեւմտյան թեմում

09:54, 31 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական  եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի Առաջնորդարանում տեղի է ունեցել Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի միջոցառումները կազմակերպող հանձնախմբի նիստ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմից, հոգեւորական եւ աշխարհիկ անդամներից կազմված հանձնախումբը, թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանի գլխավորությամբ, մշակել եւ առաջիկայում իրականացնելու է մշակութային եւ հրատարակչական միջոցառումների շարք։

Դրանց թվում է ապրիլի 6-ին առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդյանց մայր եկեղեցում անցկացվելիք՝ «Վերագտնենք մեր հավատքը փոփոխվող աշխարհում» խորագրով լայն միջոցառումը։ Դրա ընթացքում դասախոսությունների շարք կմատուցվի՝ ներկայացնելով Կոմիտասի հոգեւոր եւ ժողովրդական երաժշտական ժառանգությունը, նամականին եւ այլն։ Նույն օրը երեկոյան տեղի կունենա համերգ՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի «Վեմ» կամերային նվագախմբի, Սրբոց Ղեւոնդյանց «Շնորհալի» երգչախմբի, Վաչե Մանկերյանի դաշնամուրային կատարումներով։

Ներկաները առաջարկներ են արել ապահովելու համար հայ համայնքի՝  հատկապես երիտասարդների, ավագ տարիքի աշակերտների, շաբաթօրյա դպրոցների սաների լայն մասնակցությունը միջոցառմանը։

«Այս ամենը հնարավորություն կընձեռեն վերասեփականացնելու Կոմիտասի ժառանգությունը», ամփոփման ժամանակ նշել է թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը։


© 2009 ARMENPRESS.am