Հայաստանում գործարկվել է արևելյան հացամթերքի արտադրամաս

21:58, 30 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 30-ին գործարկվել է արևելյան հացամթերքի արտադրամաս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Կատարվել է 225 000 դոլարի ներդրում: Առաջիկա 3 տարում նախատեսվում է ևս 150 000 դոլարի ներդրում իրականացնել»,- ասվում է գրառման մեջ:

Հրապարակված տեսանյութում «Գոլդեն Բեյքերի» ընկերության գլխավոր մենեջեր Մհեր Ծատուրյանը ներկայացրել է հացի պատրաստման գործընթացը:

«Ռիվիերա կապիտալ»-ի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը նշել է, որ սա նորություն է Հայաստանում: «Կա պահանջարկ թե՛ տեղական, արևելյան խոհանոց ունեցող ռեստորաններից, թե՛ հայրենադարձ սիրիահայերի ու լիբանանահայերի կողմից: Այդ պահանջարկը սրանով բավարարում ենք: Սա սկիզբն է մեր գործունեության: Նախանձախնդիր ենք, որ շուտով ավելացնենք մեր արտադրանքը»,- հայտնել է նա:

Արտադրողները մտադիր են արտադրանքը հետագայում արտահանել Թբիլիսի, ապա ավելի մեծ շուկաներ:


© 2009 ARMENPRESS.am