Ռուսաստանը մտադիր է կյանքի կոչել ՀՀ-ի համար նպաստավոր Մաքսային կարգավորման 2011թ. ռուս-վրացական համաձայնագիրը

14:33, 30 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է կյանքի կոչել Մաքսային կարգավորման վերաբերյալ 2011թ. ռուս-վրացական համաձայնագիրը, որը թույլ կտա Հայաստանից արտահանվող ապրանքների համար ևս մեկ տարանցիկ միջանցք բացել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 30-ին Հայ-ռուսական համալսարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Մենք մտադիր ենք կյանքի կոչել մեզ վրա վերցված պատասխանատվությունը: Շատ կարևոր է լինելու եռակողմ կոմիտեի առաջին հանդիպումը`Շվեյցարիայի, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նման հանդիպումը տեղի կունենա փետրվարին՝ Ժնևում»,- նշեց ՌԴ փոխարտգործնախարարը:

Կարասինի խոսքով` այս հարցում կան մի շարք նուրբ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն:

«Տարածաշրջանում մի շարք խնդիրներ կան, առկա են մի շարք պետությունների քաղաքական կարգավիճակի վերաբերյալ տարաձայնություններ, կա Հարավային Օսեթիայի խնդիրը, որտեղով պետք է անցնի միջանցքը: Սա նուրբ հարց է, որը պետք է քննարկենք»,- ասաց Կարասինը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Կարասինը Հայաստանում է գտնվում աշխատանքային այցով:

 

 


© 2009 ARMENPRESS.am