ՀՅԴ բյուրոյի նախագահի կարծիքով՝ խորհրդարանը պետք է ամեն ճիգ գործադրի իր նկատմամբ հսկայական վստահությունն արդարացնելու համար

15:46, 29 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7-րդ գումարման Ազգային ժողովը պետք է գործադրի ամեն ճիգ՝ իր նկատմամբ մոտ 100 տոկոս վստահությունն արդարացնելու, խոսքը գործի վերածելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Այս խորհրդարանը պետք է ամեն ճիգ գործադրի, որ այն հսկայական վստահությունը՝ գրեթե 100 տոկոսին մոտ, որ ունի, վերածի գործի: Եվ եթե դա տեղի չունենա, ակնկալիքները կվերածվեն հիասթափության, ինչպես 90-ականներին ենք տեսել: Մենք ուզում ենք, որ այն մեծ ոգևորությունը, որն առաջացել էր համաժողովրդական զարթոնքով, իր նպատակին ծառայի: Իսկ դա նշանակում է, որ հեղափոխություն ասվածը ամեն մեկը պետք է իր կենցաղում զգա»,-ասաց Ռուստամյանը։

ՀՅԴ-ի գնահատմամբ՝ ԱԺ-ում ներկայում այնպիսի քաղաքական ուժեր են, որոնք միանշանակ չէ, որ պաշտպանում են Դաշնակցության մոտեցումներն ու գաղափարները: Եվ այս առումով ՀՅԴ-ի պաշտպանած քաղաքական պլատֆորմի պակաս են տեսնում: «ՀՅԴ-ն գաղափարական-քաղաքական կուսակցություն է: Եվ ես չեմ լսել որևէ քաղաքական ուժի, որն ամբողջապես կիսում է մեր մոտեցումը»,- նշեց Ռուստամյանը:

Նա նաև շեշտեց, որ Դաշնակցությունն արհեստական ընդդիմություն ու իշխանություն դառնալու մոլուցք չունի:  


© 2009 ARMENPRESS.am