Կայացել է Հայաստանի և Բելառուսի առողջապահության նախարարների հանդիպումը

11:25, 29 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է գործընկերոջը` Վալերի Մալաշկոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Բելառուսի առողջապահության նախարարը ներկայացրել է համակարգի ձեռքբերումները, երկրու երկրի հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ուռուցքաբանություն, փոխպատվաստում, նոր սերնդի բարձր տեխնոլոգիական սարքերով ախտորոշում և բուժում,  ստոմատոլոգիա, մոր և մանկան առողջության պահպանում, շարունակական բժշկական զարգացում, դեղարտադրություն և այլն:

Գործընկերները քննարկել են փոխպատվաստման բնագավառում Բելառուսի կողմից իրավական և փորձագիտական աջակցության հնարավորությունները: Միաժամանակ, կողմերը դիտարկել են Հայաստանի քաղաքացիների համար Բելառուսում բուժօգնություն կազմակերպելու հարցը` հաշվի առնելով ԱՊՀ երկրների միջև ստորագրված համաձայնագիրը:

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բելառուսի Հանրապետական ուռուցքաբանության գիտական կենտրոն, Բելառուսի մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոն, տեղում ծանոթացել վերջիններիս ձեռքբերումներին:  

 


© 2009 ARMENPRESS.am