Տիգրան Խաչատրյանն ԱԶԲ-ի պատվիրակության հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները

17:25, 25 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերը և համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում։

Նախարարը Ասիական զարգացման  բանկի վենչուրային գծով խորհրդատու Կլաուս Ֆելսինջերի հետ քննարկել է զբոսաշրջային տեղեկատվական հարթակ ստեղծելու հեռանկարը։  Տիգրան Խաչատրյանը նշել է․ «Զբոսաշրջության ոլորտը մեր առաջնահերթություններից է և տնտեսական գործունեության այնպիսի տեսակն է, որտեղ օգուտներն առավել ներառականորեն բաշխվում են բոլոր դերակատարների միջև», - ասել է նախարարը՝ հավելելով, որ  զբոսաշրջության  ոլորտում տեխնոլոգիական, նորարարական մոտեցումները կարող են բարձրացնել ոլորտի մրցունակությունը, մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը:

Քննարկվել են նաև զբոսաշրջային տեղեկատվության բովանդակությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև Armenia.Travel կայքին վերաբերող հարցեր։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ոլորտի զարգացման  մեխանիզմներ մշակելու և կիրարկելու ուղղությամբ։


© 2009 ARMENPRESS.am