Ոստիկանությունն Արտաշատում իրականացրել է կանխարգելիչ միջոցառում

20:00, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության, Արարատի մարզային վարչությունների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները, Արտաշատ քաղաքում հունվարի 22-ին իրականացրել են կանխարգելիչ միջոցառում՝ հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման ու խափանման, ինչպես և հետախուզվող անձանց հայտնաբերման նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանների տեսադաշտում են եղել հակահասարակական և հանցավոր վարքագիծ դրսևորած անձինք, ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտած և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող վարորդները։

Ոստիկանության ծառայողները նշված անձանց ներկայացրել են ոստիկանության Արտաշատի բաժին և բացատրական աշխատանքներ իրականացրել։

«Նմանօրինակ կանխարգելիչ միջոցառումները լինելու են պարբերական և իրականացվելու են հանրապետության ողջ տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am