Մարուքյանը վարչապետին առաջարկել է կրճատել փոխմարզպետների թիվը

10:41, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` առաջարկելով կրճատել փոխմարզպետների քանակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մարուքյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ կապված փոխմարզպետների քանակի և, առհասարակ, այդ հաստիքի գոյության հետ։

Մասնավորապես, քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ՝ 2003 թվականին, որոշվեց, որ հանրապետության մարզերում մարզպետների տեղակալների թիվը պետք է ավելացվի: Այժմ մեկի փոխարեն յուրաքանչյուր մարզում գործում են 2-3-ական մարզպետի տեղակալներ. Արմավիրի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի մարզպետներն ունեն 2-ական, իսկ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետները՝ 3-ական տեղակալներ: Նրանցից յուրաքանչյուրին համայնքային բյուջեի հաշվին սպասարկում են օգնականներ, վարորդներ, կցված են ծառայողական ավտոմեքենաներ և այլն:

Ըստ իս՝ որևէ կերպ արդարացված չէ մարզպետների տեղակալների թվի ավելացումը, իսկ նրանց կրճատումը զգալիորեն կխնայի պետական միջոցները։ 
Այսպիսով, առաջարկել եմ կրճատել մարզպետների տեղակալների թիվը՝ իրենց աշխատակազմերով, յուրաքանչյուր մարզում թողնելով առավելագույնը մարզպետի միայն 1 տեղակալ»,- գրել է Էդմոն Մարուքյանը:


© 2009 ARMENPRESS.am