Արաբական վեհաժողովն ու միջանկյալ գործողությունները. Շահան Գանտահարյանի հոդվածը

20:42, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի հյուրընկալած Արաբական տնտեսական վեհաժողովը հիմնականում կենտրոնացավ փախստականների եւ տեղահանվածների տունդարձի անհրաժեշտության վրա: Պաշտոնական Բեյրութի առաջադրանքը ստացավ համաարաբական համաձայնություն։ Անհրաժեշտությունը այս դեպքում միջոցներ է ենթադրում, եւ ուրեմն հիմնականում տնտեսական վեհաժողովը ֆինանսական միջոցների հայթայթումն է վերադարձի գործողություններ կազմակերպելու համար:

Փախստականների երեւույթը միջազգային ընտանիքի կողմից աշխարհի տարածքում հայտնվում է ուշադրության կիզակետում, որի համար գործում են մշտական բաժանմունքներ, կազմակերպություններ, հատկացվում են մեծագումար բյուջեներ, նախ, իհարկե, տեղում այդ կարգավիճակում գտնվողների կարիքները հոգալու, ինտեգրման բազմաոլորտ քաղաքականություն վարելու եւ հնարավորության պարագաներին` տունդարձի ճանապարհի հարթման համար ենթահող ձեւավորելու նպատակով:

Նման գործողությունները երկարատեւ բնույթ ունեն, չասելու համար հաճախ` մնայուն տեսք եւ, ուրեմն, մնայուն նյութական միջոցների հայթայթման կարիք: Արաբական տնտեսական վեհաժողովը նման հանձնառություն ստանձնելու առաջադրանքը բանաձեւեց:

Հիմնախնդիրը, անշուշտ, միայն տնտեսական եւ ֆինանսական չէ: Հատկապես, երբ Սիրիայից Լիբանան անցած միլիոնավոր փախստականների մասին է խոսքը, տունդարձի գործողություններ կազմակերպելը, բնականաբար, ունի քաղաքական ենթատեքստի իմաստ: Դա նշանակում է, որ երկիրը խաղաղությունը վերագտնելու ընթացքում է, եւ, հետեւաբար, տեղահանված բնակիչները պետք է վերադառնան:

Միաժամանակ սակայն, ռազմաքաղաքական իրավիճակը Սիրիայում առ այս պահը այն համոզումը չի փոխանցում, որ խաղաղության մեծ համաձայնությունը կայացել է: Իրավիճակը այնպիսին է, որ իրադրությունները համոզում են, որ համաձայնեցված տեղաշարժեր են արձանագրվում, որոշ տարածքներ ահաբեկչազերծվում եւ այլ աշխարհագրական միջավայրերում ծրագրավորված համախմբումներ եւ սահմանափակումներ են գրանցվում: Այլ խոսքով, գոտիների սահմանագծումները գերտերությունների առեւտրի պարունակում չեն վերջնականացել դեռեւս:

Մարդասիրական թվացող, ըստ էության, սակայն քաղաքական այն գործողությունները, որոնք վերաբերում են տեղահանվածներին եւ փախստականներին, թափ չեն հավաքում մինչեւ այն պահը, որ քաղաքական կանաչ լույսեր չեն վառել: Սիրիական հանգուցալուծման միջազգային պայմանավորվածության վերջնական տեսք ստանալը կնախանշվի զուգահեռ վերականգնման միջազգային աշխատանքներին:

Հետեւաբար, գոտիների շուրջ համաձայնությունը ենթադրում է պատերազմի ավարտ, որ ինքնին կնախանշի շինարարական հսկայածավալ աշխատանքների ձեռնարկում` միջազգային ընկերությունների ներգրավումով, զուգահեռ` միջազգային նկատելի օժանդակություններ փախստականների տունդարձի ծրագրերին նպաստող:

Արաբական վեհաժողովը այս հանգրվանին միջանկյալ դասավորումներ  է կատարում Լիբանանը փախստականներից բեռնաթափման ենթարկելու հայտարարություններով, բայց նաեւ այդ բոլորի համար բյուջե տրամադրելու հանձնառություններով:

Այս միտումներից թվում է, որ դժգոհ է Թել Ավիվը: Մինչ Դոհայի բարձրագույն մակարդակով մասնակցությունը, գործնական օժանդակության տպավորիչ փաստը վերլուծաբանական մոտեցումներում  չեն բացառում Անկարա-Դոհա համաձայնության վարկածը` նման քայլի դիմելու առումով: Դոհան Թեհրանի հետ բնականոն կապեր հաստատելու դիմաց ենթարկվել էր համաարաբական տարողությամբ մեկուսացման եւ մինչ այժմ գտնվում է նույն կարգավիճակում:

Ընդհանուր այս անհանգստությունը Թել Ավիվին մղում էր հարվածելու Սիրիայում գտնվող իրանյան հենակետերին եւ ավելի շեշտակի հայտարարելու, որ Իրանի դեմ իր գործողությունները թափ պիտի հավաքեն:

Այս նախադրյալները վերահամոզում են, որ սիրիական հանգուցալուծման վերջնական պայմանավորվածությունները ձգձգվելու իրականության առաջ են կանգնել: Մինչ այդ, Բեյրութը կարող է ֆինանսական հատկացումներ ստանալ, Դոհան ապամեկուսացման առումով քայլեր արձանագրել, Անկարան առավելը գրանցել Թել Ավիվի հաշվին, եւ Թել Ավիվը, իրանյան հենակետերին հարվածելով, սպառնալ տարածաշրջանը ապակայունացնելով։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 


© 2009 ARMENPRESS.am