Թուրքիայի Մեջլիսը մերժել է Հրանտ Դինքի սպանության ուսումնասիրության առնչությամբ Գարո Փայլանի պահանջը

12:41, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պահանջել է, որ Մեջլիսն զբաղվի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործի ուսումնասիրությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական gazeteduvar-ը:

«Հրանտ Դինքը սպանվելուց հետո Թուրքիայում հավասարության, բազմակարծության նկատմամբ հասարակության կարոտի, ժողովրդավարության ու արդարության ձգտելու խորհրդանիշ է դարձել: Նրա սպանությունից անցել է 12 տարի, սակայն այդ գործը դեռ մնում է չբացահայտված»,-Մեջլիսում ասել է Փայլանը:

 Ներկայացնելով Դինքի սպանության մանրամասները՝ հայազգի պատգամավորը նշել է, որ պետությունը նույնպես ունի մեղքի իր բաժինը:

 «Հրանտ դինքը ազգայնամոլականների թիրախում հայտնվեց Աթաթուրքի դուստր և թուրք առաջին օդաչու Սաբիհա Գյոքչենի վերաբերյալ 2004 թ. հոդված հրապարակելուց հետո, որով բացահայտում էր Գյոքչենի հայկական ծագում ունենալու հանգամանքը: Այդ հոդվածի վերաբերյալ այն ժամանակ հայտարարություն է տարածել Թուրքիայի ԳՇ-ն, Դինքը Ստամբուլի նահանգապետարանից զգուշացում է ստացել»,-ասել է Փայլանը:

 Գարո Փայլանը հիշեցրել է, որ 2005 թ. Դինքի դեմ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատական գործ է հարուցվել:

«2005-ի ապրիլի 16-ին Դինքի դեմ «թրքությունը վիրավորելու» հատկանիշներով դատական գործ է բացվել»,-հավելել է հայազգի պատգամավորը:

Փայլանը, մասնավորապես, շեշտել է, որ Հրանտ Դինքի դեմ ազգայնամոլական տրամադրությունների գրգռման մեջ մեծ  է եղել պետական պաշտոնյաների և թուրքական մամուլի դերը, որոնք աննախադեպ ծավալի ատելության խոսք էին տարածում նրա նկատմամբ:

Թուրքիայի Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործի ուսումնասիրությամբ զբաղվելու և դրա բացահայտմանը նպաստելու Փայլանի առաջարկը:

 

 


© 2009 ARMENPRESS.am