Հունվարի 18-ին սպասվող իրադարձությունները

09:30, 18 Հունվար, 2019

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունվարի 18-ին, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 7-րդ գումարման խորհրդարանը կշարունակի աշխատանքը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է լրագրողների այցելություն ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ: Այցելության ընթացքում կներկայացվեն ժամկետային զինծառայողներին տրամադրվող սննդամթերքի տեսականին, համազգեստն ու զինվորական հանդերձանքը:

Բաքվի ջարդերից 29 տարի անց Ադրբեջանը շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և հակահայկական ատելության քարոզը: Ադրբեջանագետները, հասարակական գործիչները, Բաքվի հայկական ջարդերի ականատեսները հրավիրված ասուլիսներում իրենց դիտարկումները կներկայացնեն թեմայի վերաբերյալ:

Հայկական շուկա է մուտք գործում ռումինական TAROM ավիաընկերությունը: Այսօր նախատեսված է հայկական շուկա ավիաընկերության նորամուտի շնորհանդեսը:

Երևանում կանցկացվի համաժողով, որի քննարկման առանցքում ՄԻԱՎ վարակի և միգրացիայի փոխկապակցվածությանը վերաբերող հարցերն են: Համաժողովին կմասնակցեն պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ավոտապահովագրության ոլորտի խնդիրներին կանդրադառնա «Վարորդի Ընկեր» կազմակերպության նախագահ, Ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի անդամ Տիգրան Քեյանը:

Միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները հաջողություններն են գրանցել: Ղազախստանից Հայաստանի թիմն արժանացել է 14 մեդալի: Հրավիրված մամուլի ասուլիսում աշակերտները, նրանց թիմի ղեկավարը, ԿԳ նախարարության ներկայացուցիչը կներկայացնեն մանրամասներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am