Հայաստանն ու Ղազախստանը խորացնում են համագործակցությունն արտակարգ իրավիճակների կանխման ուղղությամբ  

15:27, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. սեպտեմբերի 12-ին Ալմաթիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագծին:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ հայ-ղազախական հարաբերությունները, հատկապես վերջին տասնամյակներում, կայուն զարգացում են ապրել: «Բավականին ակտիվացել են նաև երկու պետությունների ժողովուրդների բարեկամական կապերը: Բազմավեկտոր այդ հարաբերություններում առանձնակի տեղ ու դեր ունեն արտակարգ իրավիճակների բնագավառում իրականացվող աշխատանքները: Դա պայմանավորված է երկու պետությունների աշխարհագրական դիրքով, ինչպես նաև նույն ռազմաքաղաքական (ՀԱՊԿ) դաշինքին անդամակցությամբ և նույն տնտեսական համագործակցության կազմակերպություններին մասնակցությամբ՝ ԱՊՀ, ԵԱՏՄ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բնական և տեխնածին աղետների ռիսկայնությամբ Հայաստանն ու Ղազախստանն ունեն լուրջ նմանություն:

Ըստ Ցոլակյանի՝ արտակարգ իրավիճակների բնագավառում երկու պետությունների մոտեցումներն ու ռազմավարությունն ունեն ընդհանուր շատ բաներ: «Երկու կողմի մասնագետները բավականին հաջողությամբ են համագործակցում ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, մշակում համատեղ փաստաթղթեր և այլն: Հայ-ղազախական հարաբերությունների իրավանորմատիվային անմիջական հիմքերը աղետների դեմ պայքարի բնագավառում բացակայում էր»,- ասաց նա:

Սույն Համաձայնագիրը լրացնում է նշված բացը և, անշուշտ, կնպաստի արտակարգ իրավիճակների բնագավառում երկու պետությունների կառավարությունների և իրավասու գերատեսչությունների համատեղ ու արդյունավետ աշխատանքների էլ ավելի ակտիվացմանը:


© 2009 ARMENPRESS.am